Հիսուսի մկրտությունը
Հիսուսի մկրտությունը

1 Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը: 2 Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում 935. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»: 3 Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:

4 Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար: 5 Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը: 6 Եւ Յովհաննէսը հագել էր ուղտի մազից զգեստ եւ մէջքին՝ կաշուէ գօտի. եւ նրա կերակուրն էր մորեխ եւ վայրի մեղր: 7 Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար: 8 Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»:

9 Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում: 10 Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ: 11 Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»:

12 Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ դէպի անապատ: 13 Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան: