Մի անգամ ինձ շտապ կանչեցին Սալիմ Էլ Հաշիմ անունով հիվանդ շեյխի մոտ, ով մեր երկրում բավական հայտնի մարդ էր: Ես այցելեցի նրա ապարանքը, քննեցի անշարժ ու անգիտակից պառկած հիվանդին: Նա արդեն մահամերձ էր. զարկերակը հազիվ էր շոշափվում, սրտի բաբախյունը հազիվ լսելի էր, իսկ դեմքի գույնը մահամերձի էր: Շեյխի անձնական բժշկի միջոցով շտապ անհրաժեշտ միջոցներ ձեռք առա: Նա այդ ընթացքում ինձ հայտնեց հիվանդի մասին հետևյալ տեղեկությունները: Շեյխը 73 տարեկան էր, ուներ ստամոքսի խոց, որը նախկինում արյունահոսել էր մի քանի անգամ: Այս անգամ խոցը բացվելուց հետո մոտ մեկ լիտր արյուն էր կորցրել: Իմ ներկայության ժամանակ հիվանդն այդ արյան մակարդված մասսան երեք անգամ հետ տվեց: Վայրկյան առ վայրկյան նրա դրությունն ավելի էր վատթարանում: Քանի որ նա հայտնի մարդ էր, ես ճիշտ համարեցի կառավարության անդամներից իր մոտիկներին տեղեկացնել շեյխի վիճակի մասին, որովհետև փրկության ոչ մի ելք չէի տեսնում: Շուտով շեյխի ապարանքում հայտնվեցին երեք բժիշկներ, որոնք իրենց գործի հմուտ մասնագետներն էին: Միասին նորից սկսեցինք հիվանդին այդ ճգնաժամային վիճակից հանելու փորձեր անել, բայց շուտով չորսս էլ համոզվեցինք, որ մեր ջանքերն անօգուտ են. մահն անխուսափելի էր: Պրոֆեսոր Մորեբան ասաց, որ մահամերձին միայն Աստված կարող է ոտքի հանել: Հիվանդին մնացել է ապրելու կես ժամ, ոչ ավելի: Եվ իսկապես, կես ժամ չանցած հիվանդի սիրտը դադարեց աշխատելուց: Հայտնի սրտաբան դոկտոր Շամին ևս հաստատեց, որ շեյխի սիրտը կանգ է առել. հիվանդը մեռած է: Ես սենյակում մնացի մենակ: Այդ պահին ներս մտավ աղջիկս` Լինդան, ով եկել էր ինձ օգնելու:
-Պարոն շեյխը մահացավ,-տխուր ասացի ես,-հիվանդությունը սրվել էր, և այլևս հնարավոր չէր ոչինչ անել: Իսկ դու ուր էիր այսքան ժամանակ:
Նա, ինձ ոչինչ չպատասխանելով, մոտեցա հիվանդին ու սկսեց վրան հոտավետ խունկ ծխել որը, ինչպես հետո իմացա, բերված էր Սուրբ Շարբելի վանքից` մոտեցնելով այն շեյխի քթին, կարծես թե նա ի վիճակի էր շնչելու: Հետո ինչ-որ բան հանեց ու դրեց մեռածի կրծքին:
Ի պատասխան իմ հարցական հայացքի` Լինդան ասաց.
-Սա մի փոքրիկ մասունք է սուրբ Շարբելից:
Այդ պահին սենյակ մտավ պարոն Անտուան Զախրը` շեյխի ընտանեկան բժիշկը: Եվ ինչ-որ բանի մասին Լինդայի հետ խորհրդակցելուց հետո նա թափանցիկ հեղուկով լի մի սրվակ հանեց պայուսակից:
-Այդ ինչ եք մտածել,- հետաքրքրվեցի ես,- ավելի լավ է միասին շեյխի մահվան պաշտոնական արձանագրությունը կազմենք:
-Հայրիկ, արի մի քիչ էլ սպասենք,-անսպասելիորեն ընդդիմացավ աղջիկս:
-Ինչին սպասենք,- զարմացած հարցրի ես:
Լինդան ու դոկտոր Զախրը նորից իրար հետ երկիմաստ հայացքներ փոխանակեցին, որից հետո Զախրը վճռականորեն մոտեցավ մահացածի մարմնին:
-Սա օրհնված ջուր է Աննայայի վանքից. վանահայրը շատ խորհուրդ տվեց դրա համար:
ՈՒ շեյխի անձնական բժիշկը, աղոթելով Սուրբ Շարբելին, այդ ջրի միջմկանային ներարկում կատարեց մեռածի մարմնի մեջ: Ես այդ պահին նույնիսկ աչքերս փակեցի նման անսովոր տեսարանից:
Եվ քիչ անց բոլորիս սարսափած հայացքների ներքո <> հանկարծ թույլ, համարյա աննկատ շարժում արեց ձեռքով, իսկ տասը րոպե անց աչքերը բացեց ու զարմացած հայացքով մեզ նայեց: Ապա նորից աչքերը փակեց, բայց այս անգամ քնեց. և մեր ապշած հայացքների տակ մեղմորեն բարձրանում-իջնում էր նրա կրծքավանդակը:
Առավոտյան` կեսօրին մոտ, շեյխն արթնացավ: ՈՒ այդ օրվանից նրա առողջությունը սկսեց արագորեն բարելավվել:
Այն, ինչ որ գրեցի, այդպես էլ եղել է, ինչի մասին հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ:
Դոկտոր Ե. Օնաիսսի, ք. Բեյրութ, Լիբանան