ՕՐԵՆՔԻ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
ՕՐԵՆՔԻ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

17 «Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, — որ մի նշանախեց է, — Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 19 Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: 20 Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:
21 Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի: 22 Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը 901 բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին: 23 Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, 24 քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր: 25 Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես: 26 Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը:
27 Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». 28 իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: 29 Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 30 Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: