Մարիամի այցելությունը Եղիսաբեթին
Մարիամի այցելությունը Եղիսաբեթին

39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»:

Մարիամի օրհներգությունը 

46 Եւ Մարիամն ասաց.
«Իմ անձը կը փառաւորի Տիրոջը,
47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով,
48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ:
Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան,
49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար,
եւ նրա անունը սուրբ է:
50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է:
51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց,
ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով.
52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից
եւ բարձրացրեց խոնարհներին:
53 Քաղցածներին լիացրեց բարիքներով
եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց:
54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին, յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝
Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»:
56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը: