Կուչ եկած կնոջ բժշկումը շաբաթ օրով
Կուչ եկած կնոջ բժշկումը շաբաթ օրով

10 Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր: 11 Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում: 12 Եւ Յիսուս նրան տեսնելով՝ կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»: 13 Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս: 14 Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչո՛ւ Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ շաբաթ օրը»: 15 Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու: 16 Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, — արժանի չէ՞ր միթէ շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»: 17 Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից:

Մանանեխի հատիկի առակը 

18 Եւ ասաց. «Ինչի՞ նման է Աստծու արքայութիւնը, եւ ինչի՞ նմանեցնեմ այն: 19 Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց եւ նետեց իր պարտէզը: Սա աճեց եւ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները ապրում էին նրա ճիւղերի վրայ»:

Թթխմորի առակը 

20 Եւ դարձեալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայութիւնը. 21 նման է այն խմորին, որ մի կին, վերցնելով, խառնեց երեք գրիւ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»: