Նոր պատվիրանը
Նոր պատվիրանը

31 Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, 32 քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. եւ իսկոյն կը փառաւորի նրան:
33 Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտռէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ, — այժմ այդ ձեզ էլ եմ ասում:
34 Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք: 35 Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»:

Հիսուս գուշակում է Պետրոսի ուրացումը 

 36 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կը գաս իմ յետեւից»: 37 Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կը տամ»: 38 Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կը տաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կը լինես»: