Սերմնացանի առակը
Սերմնացանի առակը

1 Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: 2 Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: 3 Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. 4 «Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ: 5 Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6 երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ: 7 Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: 8 Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. եւ կար որ մէկին՝ վաթսուն. եւ կար որ մէկին՝ երեսուն: 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի»: