Հառախոսագծի ընկերը
Հառախոսագծի ընկերը

Կյանքն առանց ընկերոջ նման է առանց վկայի մահվան:

 

                                                                      իսպանական ասացվածք

 

Նույնիսկ նախքան կավարտեի հեռախոսահամարն հավաքելը, ինչ-որ ձևով գիտեի, որ սխալ եմ գործել: Զանգը գնաց մեկ անգամ, երկու անգամ և ինչ-որ մեկը վերցրեց:

“Սխալ համար եք ընկել”,-նախքան գիծը կընդհատվեր՝ կոպիտ ասաց խռպոտ տղամարդկային մի ձայն: Մեկ անգամ նորից լսեցի հեռախոսի թրխկոցը:

Ինչպե՞ս կարող էր պարզապես գիտենալ, որ սխալ համար եմ հավաքել: Այդ ժամանակ աշխատում էի Նյու-Յորք Սիթիի ոստիկանության բաժանմունքում: Ոստիկանին սովորեցնում են հետաքրքրասեր և անհանգստացած լինել: Դրա համար համարն երրորդ անգամ հավաքեցի:

“Հեյ, - ասաց մարդը, -այդ նորից դու՞ք եք”:

“Այո՚, ես եմ, - պատասխանեցի, -ինձ հետաքրքիր էր, թե նախքան իմ որևէ բան ասելս որտեղի՞ց գիտեիք, որ սխալ համար եմ հավաքել”:

“Դե հասկացեք”: Հեռախոսը շրխկոցով կախվեց:

Մի պահ նստեցի այնտեղ՝ հեռախոսափողը դեռևս մատներիս արանքում ազատ կախված: Հետ զանգեցի այդ մարդուն:

“Դուք դեռ չհասկացա՞ք”, - հարցրեց:

“Միակ բանը, որ մտածում եմ այն է, որ ոչ ոք երբևէ ձեզ չի զանգում”:

“Ճիշտ եք”: Հեռախոսը կախվեց չորրորդ անգամ: Ծիծաղելով նորից հավաքեցի այդ մարդու համարը:

“Հիմա ինչ եք՞ ուզում”, - հարցրեց:

“Մտածեցի, զանգեմ պարզապես ողջույն ասելու համար”:

“Ողջու՞յն, ինչու՞”:

“Լավ, եթե ոչ ոք երբևէ ձեզ չի զանգահարում, մտածեցի, որ գուցե ե՞ս զանգեմ”:

“Լավ, ողջու՚յն, ո՞վ է”:

Վերջապես գլուխ բերեցի: Այժմ նա հետաքրքրվում էր: Ասացի նրան, թե ով եմ և հարցրեցի, թե ո՞վ է նա:

“Իմ անունն Ադոլֆ Մեթ է: Ես 88 տարեկան եմ, և այսքան սխալ զանգեր 20 տարիների մեջ մեկ օրվա ընթացքում չէի ստացել”: Երկուսս էլ ծիծաղեցինք:

Զրուցեցինք մոտ տաս րոպե: Ադոլֆը ո՚չ ընտանիք ուներ, ո՚չ էլ ընկերներ: Բոլորն, ովքեր նրան հարազատ էին, մահացել էին: Հետո հայտնաբերեցինք, որ իրար հետ ինչ-որ ընդհանուր բան ունենք. մոտ 40 տարի աշխատել էր Նյու-Յորք Սիթիի ոստիկանության բաժանմունքում: Հետաքրքիր, նույնիսկ սիրալիր էր թվում, երբ պատմում էր այնտեղ՝ որպես վերելակի կառավարիչ աշխատած օրերի մասին: Հարցրեցի, թե կարո՞ղ եմ նրան նորից զանգահարել:

“Ինչու՞ ես ուզում այդ անել., - հարցրեց նա զարմացած:

“Լավ, գուցե մենք հեռախոսի ընկերներ կկարողանայինք դառնալ՝ նման նամակընկերների”:

Նա երկմտում էր: “Նորից ընկեր ունենալուն դեմ չէի լինի”: Ձայնը մի փոքր փորձնական հնչեց:

Հաջորդ կեսօրին և դրանից հետո մի քանի օր զանգեցի Ադոլֆին: Պատմեց Առաջին և Երկրորդ Համաշխարհային պատերազմների իր հիշողություններից, Հինդենբուրգյան աղետի և այլ իրադարձությունների մասին: Նա հիասքանչ էր: Նրան տվեցի իմ տան և գրասենյակի հեռախոսահամարները, որ կարողանար ինձ զանգել: Եվ նա զանգում էր, գրեթե ամեն օր:

Դա միայն միայնակ ծեր մարդու հանդեպ բարի լինել չէր: Ադոլֆի հետ զրուցելը կարևոր էր ինձ համար, որովհետև և ինքս նույնպես մեծ բաց ունեի իմ կյանքում: Երբեք հայրիկ չէի ունեցել՝ մեծացած լինելով որբանոցներում և խնամատարության կացարաններում: Աստիճանաբար Ադոլֆն ինձ համար հոր նշանակությունը ստացավ: Խոսում էինք իմ աշխատանքի և քոլեջի դասընթացների մասին, որոնց գիշերներն էի այցելում:

Ադոլֆը խորհրդատուի դեր էր կատարում: Մինչ քննարկում էինք վերահսկիչի հետ իմ ունեցած տարաձայնությունը՝ նոր ընկերոջս ասացի. “Կարծում եմ, որ պետք է նրա հետ պարզեմ դա”:

“Ինչու՞ ես շտապում, - զգուշացրեց Ադոլֆը, -թող  գործերն հանդարտվեն: Երբ իմ հասակին դառնաս, կհասկանաս, որ ժամանակն ամեն ինչի մասին հոգ կտաննի: Եվ եթե գործերը վատանան, այն ժամանակ նրա հետ կարող ես խոսել”:

Երկար լռություն տիրեց: “Գիտես ինչ, - ասաց նա մեղմ, -քեզ հետ խոսում եմ այնպես, ինչպես կխոսեի իմ սեփական որդու հետ: Միշտ էլ ուզեցել եմ ընտանիք և երեխաներ ունենալ: Շատ երիտասարդ ես, որ զգաս, թե ինչ բան է այն”:

Ո՚չ, երիտասարդ չէի: Միշտ էլ ուզեցել եմ ընտանիք ու հայր ունենալ: Բայց ոչինչ չասացի՝ վախենալով, որ չեմ կարողանա թաքցնել այն ցավը, որ զգացել եմ այսքան երկար ժամանակ:

Մի երեկո Ադոլֆը նշեց, որ իր 89-ամյակն է մոտենում: ՄԻ կտոր ստվարաթուղթ գնելուց հետո զարդարեցի այն 2X5 չափի բացիկ ունեցող տորթով, որ վրան 89  մոմ ուներ: Իմ գրասենյակի բոլոր ոստիկաններին և նույնիսկ ոստիկանության պաշտոնատար անձին խնդրեցի, որ ստորագրեն այն: Մոտ 100 ստորագրություն հավաքեցի: Գիտեի, որ Ադոլֆը սրանից հաճույք կստանա:

Չասացի, որ գալու եմ, պարզապես մի առավոտ քշեցի նրա հասցեով և ավտոմեքենան կանգնեցրի նրա բնակարանից հեռու՝ փողոցի վերևում:

Երբ շենք մտա, փոստատարը միջանցքում օրվա փոստն էր առանձնացնում: Նա գլխով արեց, երբ փոստարկղի վրա ստուգեցի Ադոլֆի անունը:

Ահա այն: Բնակարան 1, իմ կանգնած տեղից մոտ քսան քայլ հեռու:

Սիրտս հուզմունքից բաբախում էր: Արդյոք անձնապես շփվելիս նույն հարաբերության մեջ կգտնվեի՞նք, ինչ հեռախոսով խոսելիս: Զգացի կասկածի առաջին հարվածը: Գուցե ինձ նույն ձևով մերժեր, ինչպես հայրս էր մերժել, երբ հեռացավ իմ կյանքից: Թակեցի Ադոլֆի դռանը: Երբ ոչ մի պատասխան չլսվեց, ավելի ուժեղ թակեցի:

Փոստատարը վերև նայեց և ասաց. “Այդտեղ ոչ ոք չկա”:

“Այո՚, - ասացի՝ մի փոքր հիմարացած զգալով, -եթե նա դռանն այնպես պատասխանի, ինչպես հեռախոսին, ապա այն կարող է խլել ամբողջ օրը”:

“Դուք բարեկա՞մ եք կամ ինչ-որ նման մի բան”:

“Ո՚չ: Պարզապես ընկերը”:

“Իրո՚ք, ցավում եմ, -ասաց նա հանգիստ, -բայց պարոն Մեթն երեկ չէ առաջին օրը մահացավ”:

Մահացա՞վ, Ադոլֆը՞: Մի պահ չէի կարող պատասխանել: Կանգնած էի այնտեղ՝ ցնցված և չհավատալով: Հետո, հավաքելով ինձ, շնորհակալություն հայտնեցի փոստատարին և դուրս եկա դեպի ուշ առավոտյան արևը: Արտասվակալած աչքերով քայլեցի դեպի ավտոմեքենան:

Հետո անկյունը շրջվելով՝ տեսա մի եկեղեցի, և Նոր Կտակարանից մի տող միտքս եկավ. “Ընկերը սիրում է բոլոր ժամանակներում”: Եվ հասկացա, որ հատկապես մեռած ժամանակ: Սա գիտակցման մի պահ առաջ բերեց: Երբեմն դեպքերի հանկարծակի  և տխուր շրջադարձ է տեղի ունենում, որ մեզ արթուն պահի մեր կյանքում ինչ-որ մի առանձնահատուկ ներկայության գեղեցկության հանդեպ: Այժմ, առաջին անգամ հասկացա, թե որքան մտերիմ էինք ես ու Ադոլֆը դարձել: Հեշտ էր, և մյուս անգամ, իմ մյուս ընկերոջ հետ, ավելի հեշտ կլինի: Աստիճանաբար զգում էի, որ ջերմությունն ալեկոծվում էր իմ մեջ: Լսում էի Ադոլֆի խռպոտ ձայնը, որ բղավում էր. “Սխալ համար է”, հետո լսում էի նրան հարցնելիս, թե ինչու եմ ուզում նորից զանգել:՛

“Որովհետև ինձ համար նշանակություն ունեիր, Ադո՚լֆ, - ինքս ինձ բարձր ասացի, -որովհետև քո ընկերն էի”:

Չբացված ծննդյան բացիկը դրեցի հետևի նստարանին և նստեցի ղեկի առաջ: Նախքան շարժիչը միացնելը հետ նայեցի: “Ադո՚լֆ, - շշնջացի, -ընդհանրապես էլ սխալ համար չէի զանգահարել: Ես քեզ էի զանգել”:

 

                                                                        Ջենինգս Մայքլ Բըրչ