Անհնար բաների սրբուհին
Անհնար բաների սրբուհին

Սրբուհի Ռիտան ծնվել է իտալական Քաշիա ավանում 1381 թվականին: Ծնողները բարեպաշտ մարդիկ էին: Երկար ժամանակ զավակ չէին ունենում, և մի օր հրաշք է տեղի ունենում. հրեշտակը երևում է Ռիտայի մորն ու ասում. «Աղջիկ կունենաս և անունը Ռիտա կդնես»: Նորածնի մկրտությունից հետո, երբ ծնողները վերադառնում էին եկեղեցուց, տեսնում են, որ փոքրիկի դեմքը լուսավորված է:

Դեռ մանկուց Ռիտան երազում էր վանական կյանքի մասին, ցանկանում էր նվիրվել Հիսուսին: Նա հաճախ բարձրանում էր ժայռերի վրա և ծնրադիր աղոթում:  Լռության մեջ նա հաղորդվում էր իր Արարիչի հետ:

Սակայն Ռիտայի ծնողները չէին ուզում, որ իրենց միակ զավակը վանք մտնի: Ռիտան հնազանդվում է ծնողների կամքին և ամուսնանում: Սակայն ամուսնական կյանքը տառապանքներով ու փորձություններով լի էր: Նա կորցրեց ամուսնուն և երկու զավակներին: Այդ դժբախտությունից հետո մի օր, երբ ծնկած աղոթում էր Սուրբ Խաչի դիմաց, հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ, խաչված Հիսուս. Ասա ինձ քո ցանկությունը»: Իսկույն սրտի խորքում լսեց անուշ ձայն, որն ասում էր. «Վանք քաշվիր և ինձ ծառայիր»:

Ռիտան ցանկանում է մտնել Օգոստինյան Քույրերի վանքը, սակայն նրան չեն ընդունում, քանի որ իրենց կանոներով այրիների մուտքն արգելված էր:

1413 թվականին Ռիտան տեսիլք է ունենում և  Սուրբ Օգոստինոսի միջնորդությամբ մտնում է հենց այդ  մենաստանը: Նա 32 տարեկան էր: Միանձնուհու սքեմով նա մենաստանում ապրում է մինչև մահ:

Ռիտան աղոթասեր, անձնուրաց մայրապետի կյանքով է ապրում: Ասում են, որ մի օր աղոթելիս մեծ հրաշք է տեղի ունենում. աղոթող Ռիտայի ճակատին Հիսուսի կրած փշե պսակից մի փուշ է  հայտնվում:

Այդ օրվանից Ռիտան արժանանում է սրբության կարգին:  Հրաշքներ են տեղի ունենում նաև նրա թաղման ժամանակ: Մի կաղ մարդ, երբ իմանում է սրբուհու մահվան մասին, ասում է. «Եթե ոտքերս առողջանայինես անձամբ կպատրաստեի նրա դագաղը»,- և նույն պահին առողջանում է:

Սրբուհին մահանում է 1457 թվականի մայիսի 22-ին: Նրա մարմինը անապական ու անուշաբույր է մինչ օրս: Ասում են, որ ամեն տարի՝ մայիսի 22-ին, ազնիվ բուրմունքով է լցվում այն մենաստանը, որտեղ ամփոփված է սրբուհու մարմինը:

Սրբուհու բարեխոսությամբ հրաշքները շարունակվում են: Ժողովուրդը նրան հռչակել է «Անկարելի բաների սրբուհի», «Պաշտպան անհույս դատերի»: Նա կոչվում է նաև «Անհավատների Սրբուհին»: Նա թեև Իտալիայի հարազատ զավակն է, սակայն համաքրիստոնեական պատկանելություն ունի: Անհավատ այս դարում Սրբուհի Ռիտայի հանդեպ վստահությունը տարածվում է Եվրոպայից մինչև Ամերիկա, Ասիա և Աֆրիկա: Եգիպտոսում անգամ մուսուլմաններն են դիմում նրա միջնորդությանն ու ստանում իրենց խնդրանքների պատասխանը: