Հիսուսի թլպատումը և ընծայումը տաճարին
Հիսուսի թլպատումը և ընծայումը տաճարին

22 Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, 23 ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»: 24 Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ:

ՍԻՄԷՈՆ ԾԵՐՈՒՆՈՒ ՄԱՐԳԱՐէԱՑՈՒՄԸ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ

25 Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին էր նրա մէջ: 26 Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչեւ որ տեսնէր Տիրոջ Օծեալին: 27 Նա Հոգով առաջնորդուած՝ եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, 28 Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց. 29
«Այժմ, ո՛վ Տէր,
խաղաղութեա՛մբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խօսքի.
30 որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը քո,
31 որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ,
32 լոյս, որ կը լինի յայտնութիւն հեթանոսների համար
եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար»:
33 Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին: 34 Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան՝ հակառակութեան: 35 Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»:

ԱՆՆԱՅԻ ՄԱՐԳԱՐԷԱՑՈՒՄԸ

36 Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով՝ Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթը տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից: 37 Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն: 38 Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում:
39 Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ Օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը՝ Նազարէթ: