Գյուղացին պարկով լի ցորենը իջեցնում է ուսից, դնում իր անջրդի, անմշակ, մոլախոտերով ծածկված վարելահողի եզրին եւ ասում.
-Գնամ լեռան ստորոտում գտնվող մատուռը, մի զորավոր աղոթք ասեմ, Աստված ինձ մի գութան ու երկու լծկան եզներ ուղարկի, այս իմ արտը վարեմ, ցորենը ցանեմ:
Երբ աղոթքը վերջացնում է, գոհացած իր հավատքից եւ աղոթքից, դուրս է գալիս մատուռից, բայց տեսածից անակնկալի գալով՝ գոռգոռալով վազում է դեպի իր հողատարածքը, ուր մի հրեշտակ պարկի ցորենը ձեռքով վերցնում, ցանում էր անմշակ, մոլախոտով պատված վարելահողի մեջ:
Գյուղացին բացականչում է.
- Տե՛ր Աստված, այս ի՞նչ ես անում. այս հրեշտակը ցորենս վատնեց ու անմշակ հողի վրա լցրեց:
Հրեշտակը դադարեցնում է իր գործը եւ պատասխանում.
- Խնդրանքներ ես ուղղում Աստծուն, սակայն չես նկատում, թե ինչպես այս դաշտն է խոտածածկ, այնպես էլ հոգիդ է փշերով պատված: Նախ սիրտդ ու հոգիդ ամբողջովին մաքրիր, մշակիր, այնուհետեւ սպասելիքներիդ հետամուտ եղիր: Ինքդ ես ասում, թե ցորենդ վատնեցի եւ մոլախոտերի մեջ ցանք կատարեցի, առավել եւս Աստված իր պարգեւները չի վատնում անմշակ ու անջրդի հոգիներում:
“Գեղեցիկ ապրելու գաղտնիքները” գրքից